«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության շրջանավարտ Լիլիթ Ավագյանը պատմում է ավարտական նախագծի մեկնարկի մասին.
Չնայած օրը շաբաթ էր, բայց այնուամենայնիվ, առավոտյան քոլեջը մարդաշատ էր: Հավաքվել էին նախադպրոցական հեռավար բաժնի ուսանողները, դպրոց պարտեզների տնօրենները, դաստիարակներ, և իհարկե տիար Բլեյանը՝ քննարկում էինք դիպլոմայինի վերաբերյալ մի շարք հարցեր:Դիպլոմայինի այս ձևն ինքնին նորություն էր բոլորիս համար, քանի որ այն առաջին անգամ է կիրառվում: Իմացանք, որ թեման մեկ համայնական ծեսն է՝ բոլորս, թեև տարբեր խմբերով ու տարբեր նախադպրոցական հաստատություններում, նույն գործն ենք իրականացնելու: Կազմվեցին աշխատանքային խմբերը՝ կրթահամալիրի չորս դպրոց- պարտեզներում, և մեկ խումբ էլ Աշտարակ քաղաքի մանկապարտեզում: Բոլոր հարցերը պարզաբանելուց հետո մենք գնացինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցին՝ մեզ էր սպասում ազգային ուրախ դդմատոնը:
Ի՞նչ է դդմատոնը… քչերն իհարկե գիտեն ու տեսել են, բայց մերօրյա իրականության մեջ այն, կարելի է ասել, տարածում չունի: Ինձ համար էլ ևս բայահայտում էր այս տոնի գեղեցիկ ծիսական արարողակարգը, որին այսօր ականատես եղա իմ սիրելի կրթահամալիրի շնորհիվ: Այստեղ, ինչպես և մյուս ազգային տոներին, պատրաստվում են մեծ ոգևորությամբ, դեռևս օրեր առաջ, նախակրթարանից մինչև քոլեջ, մեկ միասնական տրամադրությամբ, տիար Բլեյանի հետ միասին, հավեսով, ազգային երգ ու պարով:
Եկեղեցում ստացանք քահանայի օրհնությունը, երգեցինք հոգևոր երգեր: Իսկ բակում իսկական տոնական տրամադրություն էր, մեզ էր սպասում հայկական համով հոտով ղափաման՝ էլ ինչ դդմատոն առանց ղափամայի, ինչպես նաև այլ դդմային ուտելիքներ:
Երգեցինք պարեցինք «Հեյ ջան ղափամա », «Հալել եմ եղը», «Թամզարա» և այլ ազգային պարերգեր, որից հետո ճաշակեցինք այդքան սպասված ղափաման:))